Շաբաթ,
Օգոստոս
20,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՁՅՈՒԴՈ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

ՁՅՈՒԴՈՆ ստեղծվել է ՁՅՈՒ-ՁՅՈՒՑՈԻ (վերանվանված ՙՋԻՈՒ-ՋԻՑՈՒ՚) մարտարվեստի բազայի վրա, որն էլ սկիզբ է առնում ՙՍՈՒՄՈ՚ ազգային ըմբշամարտի արմատներից: Ձյու-ձյուցուն (փափկության, նրբության, ճկունության արվեստ) ստեղծվել է որպես առանց զենքի մարտ վարելու համակարգ:

ՁՅՈՒԴՈՆ ստեղծվել է ՁՅՈՒ-ՁՅՈՒՑՈԻ (վերանվանված ՙՋԻՈՒ-ՋԻՑՈՒ՚) մարտարվեստի բազայի վրա, որն էլ սկիզբ է առնում ՙՍՈՒՄՈ՚ ազգային ըմբշամարտի արմատներից: Ձյու-ձյուցուն (փափկության, նրբության, ճկունության արվեստ) ստեղծվել է որպես առանց զենքի մարտ վարելու համակարգ:

Լեգենդներից մեկի համաձայն, ձյու-ձյուցու մարտարվեստի սկզբմունքները կազմավորել է բժիշկ ՍԻՐՈԲԵՅ ԱԿԻՅԱՄԱՆ: Մի անգամ, երբ վաղ առավոտյան նա շրջում էր այգում` նկատում է, որ նախորդ օրվա տեղացած առատ ձյան արդյունքում` մեծ, հաստաբուն ծառերի ճյուղերը կոտրված են, և միայն մեկ փոքրիկ ծառ է անվնաս ու հպարտ կանգնած` կարծես ոչինչ չի պատահել: Փոքրիկ ծառի ճյուղերը թեքվելով, ճկվելով, խոնարհվելով դեպի ներքև` թոթափել, ազատվել են իրենց վրայի ծանրությունից և նորից ուղղվել են: Տեսնելով այդ հրաշքը, Ակիյաման բացականչում է ՙՀԱՂԹԵԼ - ՀԱՆՁՆՎԵԼՈՎ՚:

Ձյու-ձյուցուի վարպետներն առանձնանում էին ոչ թե իրենց ահռելի ուժով, այլ մարմնի զարմանալի ճարպկությամբ, ճկունորեն հանձնվելու միջոցով` հակառակորդի ուժն օգտագործում էին սեփական նպատակների համար: 17-ից 19-րդ դարերի ֆեոդալական պատերազմների ժամանակ այդ նուրբ արվեստը, որը մաս էր կազմում սամուրայների մարտական պատրաստության համակարգում` հասավ իր ծաղկման բարձունքին, իսկ դպրոցների քանակը մոտեցավ հազարին:

Մեյձի վերանորոգման դարաշրջանի սկզբում (1868թ.), երբ Ճապոնիան բացվեց աշխարհի համար, բուրժուական ռադիկալ վերափոխումները բերեցին նրան, որ ձյու-ձյուցուն զոհ դարձավ քաղաքակրթուրյանը, իսկ զինվորները կորցրեցին իրենց աշխատանքը: Ձյու-ձյուցու արվեստին անդունդում խորտակվելուց փրկեց երիտասարդ գիտնական, լուսավորիչ և մանկավարժ ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ:

ՁՅՈՒԴՈ մարզաձևի հիմնադիր է համարվում  ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ – (嘉納 治五郎): Նա ծնվել է 1860 թ. հոկտեմբերի 28-ին Ճապոնական կղզիների Միկագե քաղաքում: Դեռ ուսանողական տարիներին Կանոն լրջորեն մտածում էր հասնելու մարմնի և հոգու հնարավոր ներդաշնակության: Օժտված չլինելով ֆիզիկական բարձր որակներով (հասակը` 150 սմ, իսկ քաշը` 50 կգ), ԿԱՆՈՆ կարողացավ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել և տիրապետել ՁՅՈՒ-ՁՅՈՒՑՈՒ արվեստի     բարդ     տեխնիկայի      բազմաթիվ  հնարքներին:

Դրանցից ընտրելով ամենաէֆեկտիվ հնարքները, բացառելով վտանգավոր բռնվածքներն ու հարվածները, նա ստեղծեց մարմնի ֆիզիկական կատարելագործման և հոգու ներդաշնակության մարզական նոր համակարգ` ՁՅՈՒԴՈ (柔道): ՙՁՅՈՒ՚ նշանակում է փափուկ, նուրբ, ճկուն, համեստ, իսկ ՙԴՈ՚` ճանապարհ, կեցվածք, տեսակետ, մտածելակերպ:

Ձյուդո մարզաձևի հիմնադրման ելակետ է հանդիսանում 1882 թվականի մայիսը: Այդ ժամանակ ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ ավարտելով համալսարանը, Տոկիոյի Էյսյոձի բուդդայական եկեղեցու տարածքում հիմնեց ՙԿՈԴՈԿԱՆ՚ (講道館) (ՙԿՈԴՈ՚` քարոզել, իսկ ՙԿԱՆ՚` հանդիպում) անվամբ առաջին սպորտային դպրոցը: Զարգանալով, կատարելագործվելով և հզորանալով` ԿՈԴՈԿԱՆՆ այսօր դարձել է բարձր արդյունքների կոփման դարբնոց, Ձյուդոյի միջազգային համալսարան:

1909 թվականին ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ Ճապոնացիներից առաջինն էր, որ դարձավ Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ, իսկ 1911  թվականին հիմնադրեց Ճապոնական Սպորտային Ասոցիացիան և դարձավ դրա նախագահը:

Պրոֆեսոր ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ Ձյուդոյի տեխնիկայի դասակարգումն ավարտեց 1887 թվականին, իսկ ամբողջական համակարգումը` 1922 թվականին, ԿՈԴՈԿԱՆ դպրոցի 40 ամյակին: Այդ ժամանակ պրոֆեսորը 62 տարեկան էր:

1883 թվականին ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ մտցրեց ՁՅՈՒԴՈՅԻ որակավորման ՙՔՅՈՒ՚ (6 աշակերտական) և ՙԴԱՆ՚ (10 վարպետության) գոտիների համակարգը, իսկ 1900 թվականին` մրցումների անցկացման մրցավարության կանոնները:

1886 թվականին Ճապոնիայում ձյուդոն ճանաչվեց պետական մակարդակով և սկսվեց դասավանդվել զինվորական ու ոստիկանական ակադեմիաներում, իսկ որոշ ժամանակ անց` մտցվեց միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆիզիկական պատրաստության ծրագրերում:

1889 թվականին ԿԱՆՈՆ սկսեց քարոզչական գործունեություն ծավալել եվրոպայում, Ֆրանսիայում անձամբ բացելով առաջին դպրոցը: Որոշ ժամանակ անց ձյուդոն մուտք գործեց նաև Մեծ Բրիտանիա:

Շուտով ձյուդո մարտարվեստը հետաքրքրեց նաև ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտին: Նա մշտապես մարզվում էր Սպիտակ տան հատուկ կահավորված սրահներից մեկում` Կանոյի կողմից վստահված ճապոնացի ուսուցչի օգնությամբ:

Ձյուդոյի մեծ երկրապագուներից էր նաև հանճարեղ Հնդիկ մտածող Ռաբինդրանտ Թագորը:
ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՆ մահացավ 1938թ. մայիսի 4-ին 77 տարեկան հասակում թոքերի բորբոքումից` երբ եվրոպայից վերադառնում էր Ճապոնիա:

1951 թվականի հուլիսին հիմնադրվեց Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիան (IJF-ՁՄՖ), որի նախագահ նշանակվեց ՁԻԳԱՐՈ ԿԱՆՈՅԻ միակ որդին` Ռիսեյը: Իսկ ԽՍՀՄ Ձյուդոյի Ֆեդերացիան` 1962 թվականին:

1956 թվականին Տոկիոյում անցկացվեց աշխարհի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին 21 երկրների 31 ձյուդոիստներ: Իսկ 1964 թվականին մարզաձևն ընդգրկվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում:

Կանանց աշխարհի անդրանիկ առաջնությունը կայացավ 1980 թվականին, իսկ Օլիմպիական խաղերին կանայք սկսեցին մասնակցել 1992 թվականից:

Այժմ ՁՄՖ-ի անդամ են հանդիսանում 200 երկրներ: Ձյուդո մարզաձևով Ճապոնիայում մշտապես մարզվում են մոտ 8 միլիոն մարդ, իսկ ամբողջ աշխարհում` 20 միլիոնից ավել, որը զիչում է միայն ֆուտբոլին:



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո